ԱԺ «Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել սրբազանի թեկնածությամբ վարչապետին անվստահության նախաձեռնությանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Միքայել Սրբազանի շուրջ ստեղծված իրավիճակն ու առկա հանրային համախմբումը, ինչպես նաև փաստը, որ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանն արդեն հայտարարել են Միքայել Աջապահյանի համաձայնության պարագայում վերջինիս թեկնածությամբ անվստահություն գործընթաց նախաձեռնելու մասին, «Հայաստան» խմբակցությունը հայտնում է, որ խմբակցության 28 պատգամավորների ստորագրություններով միանում է անվստահություն հայտնելու նախաձեռնությանը», - գրել է Խամոյանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն էր առաջարկել՝ Միքայել սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրել ու Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն:
«Կարծում եմ, որ պետք է երկու խմբակցությունները հիմա հայտարարեն, որ պատրաստ են տալ ստորագրությունները, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էլ համաձայնությունը տա ու սկսեն», - ասել էր նա:
Միքայել սրբազանը, որ մեղադրյալի կարգավիճակ ունի, այս առաջարկին արձագանքել է. - «Ես կալանավոր եմ, կալանավորը կարո՞ղ է լինել վարչապետի թեկնածու»:
Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց էին սկսել իշխող թիմից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, նրանց վարչապետի թեկնածուն էլ Էդմոն Մարուքյանն էր:
ԼՀԿ ղեկավարի կարծիքով՝ Միքայել սրբազանն այն թեկնածուն է, որի շուրջ կարող են բոլորը համախմբվել:
«Միքայել սրբազանը վայելում է ժողովրդի աջակցությունը, ժողովուրդը թույլ չտվեց, որ նրան ձերբակալեն, տանեն: Նրա քաղաքական սուր միտքը հասկանում է, Հայաստանի Հանրապետությունը ինչ հենասյունների վրա է հիմնված, ու ինչ գործընթացներ են տեղի ունենում, որ... կարող է կործանել այս երկիրը», - նշել է Փաշինյանի կառավարությունում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը: