Մատչելիության հղումներ

Բագրատ արքեպիսկոպոսն ու նրա 14 համախոհները՝ ճաղերից այն կողմ

Լրացված

15 մարդ կալանավորվել է

Անցած տարի վարչապետի հրաժարականի պահանջով փողոցային պայքարն առաջնորդած Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեկ տարի անց հայտնվեց ճաղերից այն կողմ՝ ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու հոդվածներով: Մեղքը չընդունող արքեպիսկոպոսը երեկ գիշեր երկու ամսով կալանավորվեց, նրան պահում են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:

Փաստաբանները կալանքի որոշումը բողոքարկելու են: Սերգեյ Հարությունյանի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեն Գալստանյանին ազատության մեջ թողնելու դեպքում ռիսկեր է տեսել, դատարանում պնդել, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող արքեպիսկոպոսն ազատության մեջ կազդի գործով անցնող անձանց վրա, կխոչընդոտի քննությանը: Այս գործով ևս 14 ընդդիմադիր է երեկ կալանավորվել, ևս մեկ մեղադրյալ ազատության մեջ է:

«Որպես այդպիսին հիմքեր չկային, հիմնավոր չէին, միջնորդությունը հիմնավոր չէր և ենթակա էր մերժման, սակայն ի սկզբանե, երբ պարզա դարձավ, որ գործը մակագրվել է Մասիս Մելքոնյանին, արդեն հասկանալի էր, թե ինչ որոշում է կայացվելու», - ասաց փաստաբանը:

Քննչական կոմիտեն երեկ հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»:

Ըստ ՔԿ-ի՝ Գալստանյանը համախոհների հետ նոյեմբերից նպատակադրվել է իշխանության հասնել Սահմանադրության խախտմամբ, այդ նպատակով ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ»: Կոմիտեն նաև գաղտնալսումներ հրապարակեց, որտեղ, ըստ իրավապահների, Բագրատ Գալստանյանը քննարկում է հնարավոր սպանությունների, մեքենաներով ճանապարհներ փակելու, հոսանքն ու ինտերնետն անջատելու պլանների մասին:

Արքեպիսկոպոսի փաստաբան Արամ Օրբելյանը երեկ ուշ երեկոյան լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ այդ ձայնագրություններին ծանոթանալուց հետո միայն նա կարող է հստակություն մտցնել՝ դրանցում Գալստանյանի՞ ձայնն է, մոնտաժվա՞ծ է, աղավաղվա՞ծ է բովանդակությունը, թե՝ ոչ:

«Ինչքանով են դրանք իրավաչափ արված, և ամենակարևորը՝ ինչքանով է կոնտեքստից կտրված, որովհետև մենք առնվազն ինչ-որ մի էպիզոդով տեսնում ենք, որ ոնց որ մի կտորը վերաբերում է այսօր, մի հատ կտոր՝ վաղը երեկոյան մեկ այլ նիստում, այլ հանգամանքում, երկուսի մեջ էլ սրբազան բառն օգտագործեմ, այդ երկու կտորները կպցնեն, դառնա նախադասություն», - ասաց նա:

Քննչականն այսօր նաև նոր լուսանկարներ հրապարակեց խուզարկություններից: Դրանցում հրավառ ու ծխարձակող միջոցներ են, որոնցով, ըստ իրավապահների, մեղադրյալները մտադիր էին վնասել փողոցում հոսանքի ու ինտերնետի լարերը:

Պետականության, Հայաստանի անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն. իշխանության գնահատականը

Իշխող ուժի անդամ Գևորգ Պապոյանն ու մյուսները, չսպասելով դատարանների որոշմանը, պնդում են՝ Բագրատ Գալստանյանն ու մյուսները «տեռորիստներ են»:

«Երբ այդպիսի բան են պլանավորում, այդ բոլոր խմբավորումներին պետք է օրենքի ողջ խստությամբ չեզոքացնել և տանել, նստեցնել Նաիրի Հունանյանի կողքը, իրենք Նաիրի Հունանյանից ոչ մի բանով չեն տարբերվում», - ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Երեկ իր էջում Քննչականի գաղտնալսումները տարածած վարչապետը ևս, դարձյալ չսպասելով դատարանի որոշմանը, այսօրվա կառավարության նիստում տեղի ունեցածը որակեց որպես պետականության, Հայաստանի անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն, որը կանխվել է:

«Կարծում եմ՝ իմաստ կունենա, որ ԱԱԾ, դատախազության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պարգևատրման», - ասաց նա:

Մինչդեռ 9 տարի առաջ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը հորդորում էր ահաբեկիչներ չներկայացնել «Սասնա ծռեր»-ի անդամներին, որոնք ներխուժել էին ոստիկանության պարեկապահակային գունդ, գրաված պահել տարածքը 15 օր: Նրանց գործողությունների ընթացքում երեք ոստիկան զոհվեց։

Քննչական կոմիտեն երեկ որպես ահաբեկչության և իշխանության յուրացման իրեղեն ապացույց էր հրապարակել այսպես կոչված «Հեղաշրջման պլանի» լուսանկարը: Այն առաջինը հրապարակել էր իշխանական Civic.am-ը՝ փակելով պլանի ժամկետը: Քննչականը, սակայն, այն բաց ներկայացրել է: Ըստ դրա՝ գործողության ժամկետ է նշված 2024 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 30-ը: Ստացվում է, ըստ իրավապահների, ընդդիմադիրները հեղաշրջման իրենց պլանն իրագործած պետք է լինեին մեկ տարի առաջ:

Քննչականից չեն հստակեցնում՝ ե՞րբ են հավաքվել ապացույցները, այդ թվում՝ ձայնագրությունները, «Հեղաշրջման պլանը», և եթե ամիսներ առաջ, ապա ինչո՞ւ միայն հիմա սկսեցին ձերբակալությունները:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG