Մատչելիության հղումներ

Սամվել Կարապետյանի պաշտպանները դիմել են ՄԻԵԴ


Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանները դիմել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Վիճարկում են գործարարին ազատազրկելու որոշումը: Փաստաբանները այլ մանրամասներ դեռ չեն հայտնում:

Պաշտպանական կողմն այս քրեական հետապնդումը ծայրից ծայր ապօրինություն է որակում ու աբսուրդ: Իրավական ամենաթողության օրինակներից է Վերաքննիչ դատարանում նշանակված նիստը, ասում է պաշտպան Ռուբեն Հակոբյանը: Չնայած փաստաբանները հետ են վերցրել վերաքննիչ բողոքը, բայց դատարանը նիստ է նշանակել, որ քննի այն:

Ռուբեն Հակոբյանը պնդում է՝ իր փաստաբանական պրակտիկայում նման դեպք չի տեսել, որ բողոքից հրաժարվեն ու դատարանը չկարճի վարույթը նիստ նշանակի:

«Իմ պրակտիկայում այսպիսի բան չի եղել, և ես կարծում եմ՝ երբևէ չի էլ կարող լինել. մենք չենք վիճարկում, իրենք վիճարկում ենք», - ասաց փաստաբանը:

Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոքից հրաժարվել էր՝ պատճառաբանելով, որ չի վստահում դատավոր Արմեն Դանիելյանին: Նրան էր գործը մակագրվել: Այս դատավորը ցածր վարկանիշ ունի ու քաղաքական հնչեղ գործերով կողմնակալ որոշումներով է հայտնի, «Ազատությանն» ասել էր մյուս փաստաբան Արամ Վարդևանյանը:

Պաշտպանական խումբը պատահական չի համարում, որ գործն աննախադեպ արագությամբ մակագրվել էր հենց այս դատավորին. - «Արմեն Դանիելյանը պարտավոր լինելով անհապաղ կրճատելու վարույթը, մատնվել էր անգործության, այնուհետև դատախազությունը ներկայացնում է Վերաքննիչ բողոք այն պայմաններում, երբ քննիչի միջնորդությունը բավարարվել էր ամբողջությամբ: Այսինքն՝ հարցի բողոքարկման բացակայության պայմաններում բողոք է ներկայացվել: Այս ամենը կատարվել է նրա համար, որպեսզի Արմեն Դանիելյանը շարունակի մնալ բողոքը քննող դատավոր»:

«Տաշիր» ընկերությունների սեփականատերը իններոդ օրն է՝ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում է: Նա վարչապետ Փաշինյանի ու իրավապահների թիրախում հայտնվեց Հայ առաքելական եկեղեցին պաշտպանելուց ժամեր անց: Նիկոլ Փաշինյանը հրապարակային սպառնաց հոգևորակնների բարեգործներին ընդմիշտ պասիվացնել, ժամեր անց ոստիկանները նրան ձերբակալեցին, հետո էլ երկու ամսով կալանավորեցին:

Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Կարապետյանի նկատմամբ կատարվողը քաղաքական հետապնդում են որակում փաստաբանները:

«Այս գործով որևէ մեկը թող արդարադատություն ակնկալելու հույս չունենա, այս գործող իրավունքն ու օրենքը չի գործում», - ասաց փաստաբաններից Ռուբեն Հակոբյանը:

Եկեղեցին պաշտպանելուց հետո ազատությունից զրկված գործարարի կալանքը խիստ ռեժիմով է: Տեսակցությունները սահմանափակված են, միայն մերձավոր ազգականները կարող են տեսակցել ամիսը երկու անգամ: Թե ինչո՞ւ կալանք և ինչո՞ւ այդ ռեժիմով, այս հարցերի պատասխանը փաստաբանները դատարանի որոշման մեջ չեն գտել:

Կարապետյանը բանտից ուղերձներ է հրապարակում Փաշինյանի քաղաքականության հետևանքների մասին՝ ներքին խնդիրներից մինչև արտաքին քաղաքականություն: Ռուսաստանաբնակ գործարարի բանտային նամակներն ավարտվում են «պայքարելու ենք կոչերով»:


XS
SM
MD
LG