Մատչելիության հղումներ

Սամվել Կարապետյանը քաղաքական գործոն չէ, որ վերլուծենք՝ ուժեղ մրցակից է, թե ոչ. ՔՊ-ական պատգամավոր


Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում փակված Սամվել Կարապետյանի հերթական նամակն է հրապարակվել: «Տաշիր գրուպ»-ի սեփականատերը դարձյալ Փաշինյանի իշխանության քաղաքականության հետևանքներն է վերլուծել:

«Դաժան ռեպրեսիվ մեքենան դարձել է ամենապահանջված միջոցը և սասանում է մեր երկրի ներքին ամրությունը», - գրել է կալանավորված գործարարը:

«Հաջողվեց բոլորին հանել բոլորի դեմ։ Քաղաքական ուժերը սկսեցին պայքարել միմյանց դեմ՝ մի կողմ թողնելով գլխավոր չարիքը։ Սակայն ժամանակն ասում է իր խոսքը և անում իր գործը. սևերը սկսեցին սպիտակել, իսկ սպիտակները, որոնք այժմ ժողովրդի մեջ փոքրամասնություն են, վստահ եմ, որ կարճ ժամանակ հետո բոլորի համար շոշափելիորեն կմնան ընդամենը մի փոքրիկ խմբակ։ Չնայած նույնիսկ դա է ինձ ցավ պատճառում, քանի որ բաժանումներից, պառակտումներից սկսվեց մեր ամենադժվար շրջափուլը։ Շուտով միասին վերջ ենք տալու պառակտմանը: Պայքարելու ենք», - հայտարարել է Կարապետյանը:

Իշխող թիմի պատգամավոր Հրաչյա Հակոբյանին չեն անհանգստացնում կալանավորված գործարարի այս մտքերը: Իրենց իշխանության վերջի մասին շատ կանխատեսումներ է լսել, որ չեն իրականացել:

«Արդեն 7 տարի է՝ մենք լսում ենք, որ ասում են՝ քիչ մնաց, բան չմնաց», - ասաց Հակոբյանը:

Յոթերորդ օրն է՝ միլիարդատերը ազատազրկված է ու ակտիվ քաղաքական ուղերձներ է հրապարակում բանտից, որ ավարտվում են «պայքարելու ենք» կոչով:

Հարցին, թե արդյո՞ք սա քաղաքական հայտ է՝ Փաշինյանի կառավարությունից դժգոհ զանգվածին համախմբելու քայլեր, ի՞նչ են մտածում իշխող թիմում, Հակոբյանը պատասխանեց. «Ախր Սամվել Կարապետյանը քաղաքական գործոն չէ, որ հիմա փորձենք վերլուծել՝ նա ուժեղ մրցակից է, թե ոչ, նա, ինչպես հասկացանք իր հայտարարությունից, քաղաքական գործունեություն չի ծավալում, չի էլ ուզում ծավալի»:

ՔՊ-ական պատգամավորի մեկնաբանմամբ՝ ռուսաստանաբնակ գործարարի մոտեցումը քաղաքական չէ, այլ բնույթի, է որի մասին տեսանյութում նշել է ու դեռ պետք է պատասխան տա:

«Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին», - սա էր մասնավորապես հայտարարել Կարապետյանը կալանավորվելուց առաջ:

Հարցին, թե մտահոգություն չունե՞ն, որ կալանքն ու այս քրեական աղմուկը կբարձրացնեն գործարարի վարկանիշն, ու նա կարող է դառնալ Փաշինյանի մրցակիցը, ընդդիամդիր դաշտը համախմբվի Կարապետյանի շուրջ, իշխանական պատգամավորն ասաց. «Նախ ասեմ՝ ոչ, որովհետև էլի եմ կրկնում՝ մարդ, ով ապրել, աշխատել է Ռուսաստանում, եկել է Հայաստան և ցանկանում է միջամտել իր ձևերով ՀՀ ներքին կյանքին, քաղաքական կյանքին, պատկերացնո՞ւմ եք՝ մեր հայրենակիցները ինչպես պետք է նրան հետևեն, նրա կողքին կանգնեն»:

«Տաշիր» ընկերությունների սեփականատերը նախորդ ուղերձներում էլ անդրադարձել է հայաստանյան արդարադատությանը: Ստեղծել են փաստաբանների խումբ, որ անվճար աջակցեն մարդկանց, որ ապօրինի ու անարդար որոշումների զոհ են:

Նյութի շարունակությունը՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG