Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան կողմը հաջորդ շաբաթ կհանդիպի Իրանի պաշտոնյաների հետ՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը:

«Մենք հաջորդ շաբաթ խոսելու ենք նրանց հետ», - ասել է Թրամփը Նիդերլանդներում ՆԱՏՕ-ի ամենամյա գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ «Միակ բանը, որ մենք կխնդրեինք [հանդիպման ժամանակ], այն է, ինչ մենք խնդրում էինք նախկինում՝ այն մասին, որ մենք չենք ուզում միջուկային զենք»։

Հունիսի 21-ին Թեհրանը հայտարարել էր, որ չի բանակցի իր միջուկային ծրագրի շուրջ, մինչև Իսրայելը չդադարեցնի հարձակումները։

Իսրայելը անակնկալ օդային պատերազմ էր սկսել հունիսի 13-ին՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին և սպանելով մի շարք բարձրաստիճան հրամանատարների՝ այսպիսով Իսլամական Հանրապետությանը հասցնելով ամենածանր հարվածն Իրաքի հետ 1980-ականների պատերազմից ի վեր։

Իրանը պատասխանել էր Իսրայելի ռազմական օբյեկտների և քաղաքների ուղղությամբ զանգվածային հրթիռակոծություններով։

Իրանի իշխանությունների տվյալներով՝ իսրայելական հարվածների արդյունքում իրենց երկրում զոհվել է 610 մարդ, և վիրավորվել են 4746-ը։ Իրանի պատասխան հրթիռակոծությունները սպանել են 28 մարդու Իսրայելում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի հետ խաղաղության բանակցությունները «խոստումնալից» են. Թրամփի բանագնաց