ԱՄՆ Պետդեպարտամենտը կստուգի վիզա ցանկացող ուսանողների և գիտնականների սոցիալական ցանցերը

ԱՄՆ Պետդեպարտամենտը կստուգի F, M կամ J վիզա ստանալ ցանկացող ուսանողների և գիտնականների սոցիալական ցանցերը: Այս մասին տեղեկանում ենք Մալիում ԱՄՆ դեսպանատան կայքից։

ԱՄՆ վիզայի համար դիմորդներին ներկայացվում են հետևյալ պահանջները.

  • Բոլոր սոցիալական ցանցերի հաշիվները պետք է լինեն հանրային:
  • Վիզայի դիմումի ձևը լրացնելիս դիմորդը պետք է նշի վերջին հինգ տարիների ընթացքում բոլոր հարթակներում իր բոլոր հաշիվները։

«Դիմորդները հավաստում են, որ իրենց վիզայի դիմումում տեղեկատվությունը ճշմարիտ և ճիշտ է, նախքան այն ստորագրելը և ներկայացնելը: Սոցիալական ցանցերում տեղեկատվություն չտրամադրելը կարող է հանգեցնել վիզայի մերժման և ապագա վիզաների համար անհամապատասխանության», - ասվում է հայտարարության մեջ:

Մայիսի վերջին Politico-ն և CNN-ը հաղորդեցին, որ Սպիտակ տունը հրահանգել է ԱՄՆ դեսպանատներին չնշանակել ուսանողական վիզաների համար նոր հարցազրույցներ, քանի որ դիմորդները պետք է ստուգվեին սոցիալական ցանցերում: Երկու լրատվամիջոցներն էլ հղում էին անում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից արտասահմանյան երկրներում ԱՄՆ դեսպանատներին ուղարկված դիվանագիտական ուղերձին։