Հաագայում ավարտվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Ոչ թե կանաչ գույնի զինվորական համազգեստ, այլ քաղաքացիական կոստյում. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ Հաագայում ավարտված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում գերադասեց հրաժարվել իր ավանդական հագուկապից՝ առաջին անգամ 2022 թվականի փետրվարից ի վեր։ Զելենսկու այս որոշման դրդապատճառներից մեկն, ըստ երևույթի, այն էր, որ նա լավ է հիշում՝ փետրվարին Սպիտակ տանը կայացած սկանդալային հանդիպման ժամանակ իր զինվորական համազգեստը Թրամփին և նրա թիմին գրգռող ամենավերջին գործոնը չէր:

Ի տարբերություն վաշինգտոնյան այդ հանդիպման և ապրիլին Վատիկանում կայացած կարճատև բանակցությունների, երեկ Հոլանդիայում Զելենսկին և Թրամփը փակ դռների հետևում զրուցեցին ավելի քան 50 րոպե՝ երկխոսությունը բովանդակալից որակելով։ Կողմերի օրակարգերում և նպատակներում, սակայն, հանդիպումը մեծ փոփոխությունների այդպես էլ չհանգեցրեց։

Բանակցությունների ավարտին Միացյալ Նահանգների նախագահը կրկին խոսում էր Մոսկվայի և Կիևի միջև շուտափույթ խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին։ Դրա հետ մեկտեղ, Թրամփը չէր շտապում հերքել իրեն ենթակա զինվորականների պնդումները, թե Ռուսաստանի նախագահի ախորժակը Ուկրաինայով կարող է և չսահմանափակել։

«Ես դա չեմ բացառում։ Բայց ես մի բան էլ գիտեմ՝ Պուտինը ցանկանում է վերջ տալ այս ամենին։ Ստեղծված իրավիճակը նրա համար իսկական խառնաշփոթ է։ Օրերս Պուտինը զանգահարել էր ինձ ու հարցնում էր՝ «ինչո՞վ կարող եմ օգնել Իրանի հարցում»։ Ես նրան պատասխանեց՝ «Դուք ինձ կարող եք օգնել Ռուսաստանի հարցում», - հայտարարում էր Թրամփը։

«Ռուսաստանը բավականաչափ ուժեղ չէ ՆԱՏՕ-ի վրա հարձակվելու համար». Մերց

Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի համոզմամբ, սակայն, Ռուսաստանի անսահման մեծ հավակնությունների մասին լուրերը կարող է և ճիշտ են, բայց դրանք չեն համապատասխանում Մոսկվայի կարողություններին։ Բայց նույնիսկ այդ պարագայում, ըստ Մերցի, դաշինքը պետք է շարունակի մեծացնել պաշտպանական ծախսերը։

«Այլևս որևէ կասկած չկա, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ հարցում դաշինքի ներսում տարբեր գնահատականներ են հնչում։ Մենք, սակայն, գիտենք, որ Ռուսաստանը բավականաչափ ուժեղ չէ ՆԱՏՕ-ի վրա հարձակվելու համար։ Բայց մենք չենք կարող կանխատեսել՝ արդյոք նրանք կփորձե՞ն ստուգել մեր պաշտպանունակությունը, թե՝ ոչ», - հայտարարում էր գերմանական կառավարության ղեկավարը։

Թրամփի հետ բանակցություններից անմիջապես հետո Ուկրաինայի նախագահը հանդիպեց ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեի և դաշինքի առաջատար եվրոպական անդամ պետությունների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Լեհաստանի ղեկավարների հետ։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարները շարունակում էին պնդել՝ Ուկրաինային աջակցությունը մնում է ՆԱՏՕ-ի օրակարգում։

«Իմ թանկագին բարեկամ Վլադիմիր Զելենսկին իր թիմի հետ միասին այստեղ է՝ Հաագայում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Մեր կարևոր ուղերձն է նրան և ուկրաինացի ժողովրդին, որ դաշինքը շարունակում է աջակցել Ուկրաինային», - հայտարարում էր Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Հայրիկը երբեմն պետք է կոշտ բառապաշար օգտագործի». Ռյուտեն՝ Իրան-Իսրայել հակամարտությանը ԱՄՆ միջամտության մասին

Իրական սկանդալի պատճառ, սակայն, դարձավ ՆԱՏՕ-ի ղեկավարի մեկ այլ պնդումը։ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ, երբ Թրամփը Իրանի և Իսրայելի պատերազմը համեմատեց դեռահասների կռվի հետ, Մարկ Ռյուտեն Վաշինգտոնի միջամտության մասին ասաց՝ «հայրիկը երբեմն պետք է կոշտ բառապաշար օգտագործի»։

«Տպավորությունն այնպիսի է, որ ՆԱՏՕ-ի անդամները Թրամփից ավելի շատ են վախենում քան Պուտինից», - արձագանքելով այս միջադեպին գրել էր բրիտանական թերթերից մեկը՝ պնդելով, որ եվրոպական ղեկավարները ԱՄՆ նախագահի սիրտը փորձում են շահել քծնանքի միջոցով։

Թրամփին չնյարդայնացնելու պատճառներից էր նաև այն, որ ըստ արևմտյան մամուլի, ուկրաինական թեման Հաագայի գագաթնաժողովի ընթացքում հետին պլան էր մղվել։ Համաժողովի եզրափակիչ փաստաթուղթն էլ Ռուսաստանի նկատմամբ ամենամեղմն էր վերջին մի քանի տարիների ընթացքում։ Դաշինքի անդամները միայն նշում են,որ Ռուսաստանի երկարաժամկետ սպառնալիք է, սակայն փաստաթղթում չեն հիշատակում Ուկրաինա ներխուժման մասին։

Փոխարենը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներն ի վերջո տեղի տվեցին Միացյալ Նահանգների ճնշմանը՝ համաձայնելով պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5 տոկոսին։ Միակ դիմադրողը Իսպանիայի վարչապետն է, որի հետ, սակայն, Դոնալդ Թրամփը խոստանում է անձամբ բանակցել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՆԱՏՕ-ն Ռուսաստանը համարում է «երկարաժամկետ սպառնալիք» Եվրատլանտյան տարածաշրջանի համար