Մատչելիության հղումներ

Ահաբեկչության ու իշխանազավթման առնվազն 5 փորձ՝ Փաշինյանի իշխանության 7 տարում


Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի, որում, ըստ իրավապահների, «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հայտնաբերված իրերն են
Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի, որում, ըստ իրավապահների, «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հայտնաբերված իրերն են

«Ալբերտ Բազեյան և Խաչակիրներ», «Հյուսիսային տերևաթափ», «Արբատ», «Սրբազան հեղաշրջում»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման անցած 7 տարիների ընթացքում իրավապահները ահաբեկչության ու իշխանազավթման առնվազն 5 փորձի բացահայտման մասին են հայտարարել:

2023-ի սեպտեմբերին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, թե իշխանությունը յուրացնելու դեպք է բացահայտել։
Ավելի ուշ պարզվեց, որ հանրությանն անհայտ «Խաչակիրներ ռազմահայրենասիրական» կազմակերպության 7 անդամներից բացի, մեղադրանք է առաջադրվել նաև Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին՝ վարչապետ Փաշինյանի ֆիզիկական ոչնչացումը պլանավորելու համար։ Բազեյանը, սակայն, մեղքը չէր ընդունել՝ պնդելով, թե քաղաքական հետապնդման է ենթարկվում։

Չնայած ներկայացված ծանր մեղադրանքին՝ կես տարի անց Բազեյանը բանտից ազատ արձակվեց, նրա նկատմամբ կիրառվեց տնային կալանք։ Այս գործն ուղարկվել է դատարան։

2 ամիս անց արդեն՝ 2023 թվականի նոյեմբերին, ԱԱԾ-ն հաղորդեց ևս մեկ ահաբեկչության նախապատրաստման բացահայտման մասին՝ տարածելով ինչ-որ գաղտնի ձայնագրություններ։

Ազգային անվտանգության ծառայությունը պարզել էր, թե ահաբեկչական այդ գործողությունն ունեցել է «Հյուսիսային տերևաթափ» անվանումը։ Ընդ որում՝ «տերևաթափի» հակիրճ ծրագիրը ԱԱԾ-ն հայտնաբերել էր խմբի անդամներից մեկի բաճկոնի գրպանում։ Բաճկոնի տերը, սակայն, հարցաքննության ժամանակ պնդել էր՝ իր գրպանի պարունակությունից տեղյակ չէ։ Մինչդեռ իրավապահները պնդում էին, թե խմբի անդամները պետք է զավթեին պետական նշանակության և այլ շինություններ՝ սպանելով քաղաքացիական անձի։ Թե ո՞վ էր այդ անձը, ԱԱԾ-ն այդպես էլ չմանրամասնեց։

Գործն ուղարկելով դատարան՝ իրավապահներն այդպես էլ չհստակեցրին՝ արդյոք «տերևաթափը» հյուսիսային որակելով՝ կազմակերպիչները նկատի են ունեցել Ռուսաստանը։ Ամեն դեպքում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն այն ժամանակ շտապեց այս գործը որակել »հեղաշրջման հերթական փորձ»՝ ընդգծելով. «Հյուսիսային քամին այլևս անզոր է Հայաստանում տերևաթափ անելու համար, քանզի Հայաստանում իշխանությունը ժողովրդինն է»:

«Հյուսիսային տերևաթափի» վերաբերյալ բազմաթիվ հարցեր անպատասխան թողնելով՝ իրավապահները 2024-ի սեպտեմբերին հաղորդեցին իշխանության յուրացման նախապատրաստման նոր գործի բացահայտման մասին՝ մեղադրանք առաջադրելով 7 քաղաքացու։

Այս անգամ էլ սլաքներն ուղղվեցին դեպի հյուսիս, տվյալ դեպքում՝ «Արբատ» ռազմաբազա։ Քննչական կոմիտեն հաղորդել էր, թե մեղադրյալները 2024-ի ընթացքում հավաքագրել են Հայաստանի ու Արցախի մի շարք բնակիչների և յուրաքանչյուրին ամսական շուրջ 220 հազար ռուսական ռուբլի վճարի դիմաց նրանց փոխադրել Ռուսաստան, նրանց տեղակայելով «Արբատ» անվանումով ռազմաբազայում, այնտեղ նրանց հետ անցկացրել մարտ վարելու պարապմունքներ։

Չնայած այս գործով դատարանի որոշման բացակայությանը՝ իշխանությունը շտապեց այն համեմատել հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ, որի հետևանքով սպանվեցին գործադիր ու օրենսդիր իշխանության ղեկավարները։

2024 թվականի մարտին իրավապահները հայտնեցին կազմակերպված ահաբեկչության միանգամից երկու դեպքի բացահայտման մասին։ Քննչական կոմիտեն հաղորդել էր, թե ահաբեկչական գործողություններն ուղղված են եղել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, նրա անդամների, այդ թվում՝ խմբակցության պատգամավորներ Գագիկ Մելքոնյանի և Գուրգեն Արսենյանի դեմ։ Իսկ կազմակերպիչներն ունեցել են հակաիշխանական հայացքներ։

Պաշտպանության հանձնաժողովի իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը դեռ այն ժամանակ «Ազատության» հետ զրույցում պնդել էր, թե այս ամենի ետևում ռուսամետ ուժերն են կանգնած, իսկ իրեն թիրախավորել են այն պատճառով, որ հաճախ է հակառուսական հայտարարություններ անում։

Ահաբեկչության և իշխանության յուրացման 5-րդ փորձի բացահայտման մասին իրավապահները հաղորդեցին արդեն երեկ։ Այս անգամ կալանավորվեց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանն ու մեկ տասնյակից ավելի անձինք։

Քննչական կոմիտեն հաղորդեց, թե Բագրատ սրբազանը ձեռք է բերել «ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ»։ Թեև «Սրբազան շարժման» առաջնորդն ու նրա աջակիցները չեն ընդունում ներկայացված մեղադրանքները, Քննչական կոմիտեն տարածեց նաև մի շարք ձայնագրություններ՝ դրանք վերագրելով Բագրատ սրբազանին։ Այդ ձայնագրություններում խոսվում է հնարավոր սպանությունների, մեքենաներով ճանապարհներ փակելու, հոսանքն ու ինտերնետն անջատելու պլանների մասին։
Այս գործն էլ իշխանությունը դարձյալ համեմատեց «հոկտեմբերի 27»-ի հետ։

«Սա մի նոր «հոկտեմբերի 27»-ից փրկվելու մի դեպք էր», - ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ինչո՞ւ են Փաշինյանի իշխանության տարիներին ինչ-որ խմբեր, ըստ իրավապահների, անդադար իշխանության դեմ ահաբեկչություն ծրագրում և իշխանազավթում փորձում իրականացնել։ Հատկապես որ, ինչպես Հանրային եթերում պնդեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նման դեպքեր էլի են լինելու։

«Ես վստահ եմ, որ էլի այսպիսի փորձեր են լինելու», - ասաց նա:

Փաշինյանի կառավարությունում հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը շուրջ 2 տարի զբաղեցրած Էդմոն Մարուքյանը, վերլուծելով հեղաշրջման հերթական փորձի բացահայտումը, նախ նշում է, որ ըստ Քննչական կոմիտեի հրապարակած փաստաթղթի՝ ծրագրված հեղաշրջումը պետք է իրականացվեր մեկ տարի առաջ, այսինքն՝ 2024-ին։ Եվ եթե, ըստ ընդդիմադիր գործչի, Բագրատ սրբազանին վերագրվող ձայնագրություններն ու փաստաթուղթը իրական են, ապա ստացվում է, որ այդ հին պլանը իշխանությունը պահել է ու ջրի երես է հանել միայն այն ժամանակ, երբ տեսել է, որ գործերը վատ են։

«Մենք տեսել ենք նման շոուներ, հետո պարզվել է՝ կեսը հեքիաթ է եղել», - ասում է նա:

«Պատկերացրեք՝ մեկ տարի առաջվա պատմություն, հիմա հրապարակված թուղթ, որտեղ մտցնում են Սամվել Կարապետյանի անունը, որ իրեն էլ կապեն այս թեմայի հետ, որովհետև գիտեն, որ Կարապետյանի գործը տոտալ ապօրինի է, ո՞նց անեն, որ դրա տակից դուրս գան, ժողովրդի այս բարձր ձևավորված դժգոհությունը ցրեն, դա այս ճանապարհով բոլորին կապել ու խառնել իրար: Այսինքն՝ այն պլանը, որ հրապարակվել է հիմա, գցում են բոլորի ջեբը», - հավելում է նա:

Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ եթե իշխանությունը ճիշտ է, և իր դեմ պարբերաբար հեղաշրջում են ուզում անել, ուրեմն 2018-ին խոստացված քաղաքական համակարգի առողջացումը ոչ միայն ձախողել են, այլև ավելի են կործանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG