Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է «Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհը»:
«2025 թվականի հունիսի 27-ին ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված գործողությունները, որոնք ուղղված են Հայաստանի հոգևոր և ազգային ինքնության կարևորագույն խորհրդանիշի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ, անընդունելի են և խաթարում են հայ ժողովրդի դարավոր արժեքներն ու միասնականությունը», - ասված է հայտարարությունում:
Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում անհապաղ դադարեցնել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված բոլոր գործողությունները:
ՀԱԿ-ը նաև հորդորում է. - «Հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և եկեղեցու անկախությունը: Զերծ մնալ ազգային սրբությունների և հոգևոր արժեքների դեմ ուղղված ցանկացած ոտնձգությունից: Հայաստանի քաղաքացիներին, հոգևորականությանը և միջազգային հանրությանը՝ համախմբվել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և նրա սրբավայրերի»:
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ կանգնած է Հայ Առաքելական Եկեղեցու կողքին և «վճռականորեն պաշտպանելու է մեր ազգային հոգևոր ժառանգությունը»:
«Մենք կոչ ենք անում բոլոր հայրենակիցներին՝ միավորվել այս պայքարում՝ հանուն մեր ազգի արժանապատվության և միասնության», - նշված է հայտարարությունում: