Մատչելիության հղումներ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել


Ահաբեկչության նախապատրաստության քրեական գործի, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու նրա աջակիցների կալանավորմանը զուգահեռ իշխանություն-եկեղեցի հակամարտությունն էլ ավելի է թեժանում: Իշխանության շարքերից արդեն բաց տեքստով հայտարարում են՝ կաթողիկոսին պետք է՝ «դուրս շպրտել» վեհարանից:

Իշխող թիմին էլ ավելի է բորբորքել Մայր Աթոռի երեկվա հայտարարությունը: Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով էր հրավիրել, քննարկել օրվա իրադարձություններն ու սլաքներն իշխանությունների կողմը թեքելով՝ խորը մտահոգություն հայտնել Գալստանյանի ու մյուսների նկատմամբ իրավապահների գործողությունների առնչությամբ:

«Իրավական գործընթացի նկատմամբ վստահություն չի ներշնչում այն հանգամանքը, որ սկզբից ևեթ ՀՀ վարչապետը և իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ քաղաքական նկատառումներով տարաբնույթ հրապարակումների միջոցով փորձում են ուղղորդել իրավապահ մարմիններին», - ասված է հայտարարության մեջ:

Ըստ Մայր Աթոռի՝ իշխանությունները փորձում են այս գործն արհեստականորեն Եկեղեցու հետ կապել ու շահարկել Մայր Աթոռի անունը, ինչը «ամբողջապես տեղավորվում է իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավի համատեքստում»:

«Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին և հորդորում է պատկան մարմիններին չտրվել քաղաքական շահարկումներին, առաջնորդվել ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներով՝ հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը», - նշել է Գերագույն հոգևոր խորհուրդը:

Ամենակարկառուն իշխանականներն այս հայտարարությանն արձագանքեցին կայծակնային արագությամբ. Մայր Աթոռի հրապարակումը Ֆեյսբուքում հայտնվեց 21:42-ին, ուղիղ 8 րոպե անց թարմացվեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի էջը. «Եթե մինչ այս Կտրիճին պետք էր դուրս հրավիրել Վեհարանից, ապա տեռորիստներին աջակցող հայտարարությունից հետո պետք է դուրս ՇՊՐՏԵԼ: Մայր Աթոռը քո համար Ալ Քայիդայի շտաբ-բնակարանը չէ»:

Ի՞նչ եղանակով են «դուրս շպրտելու» կաթողիկոսին, իրավապահների խուզարկությունները Մայր Աթո՞ռ էլ կհասնեն, ուժային գործողություններ կլինե՞ն, պատգամավորը չի մանրամասնել, փոխարենն արդեն այսօր վարչապետ Փաշինյանը գրեց. «Այդ խմբակն իրավունք չունի խոսել Մայր Աթոռի անունից։ Մայր Աթոռը պղծած Կտրիճը պետք է հեռանա Վեհարանից։ Եթե ինքնակամ չհեռանա, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի՝ քրիստոնեաբար։ Վեհարանը՝ վեհի»։

Իշխանականների գրառումների հերթական ալիքից 24 ժամ էլ չանցած Գլխավոր դատախազությունը տեղեկացրեց՝ մեկ շաբաթ առաջ քրեական վարույթ են նախաձեռնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ՝ հեղաշրջում անելու կոչի համար: Դատախազությունն այլ տեղեկություն չի տրամադրել, նաև չեն հստակեցրել, թե կոնկրետ որ հայտարարությունն են հիմք վերցրել:

Շիրակի թեմի առաջնորդը հեղաշրջման մասին մեկ անգամ չէ, որ խոսել է: 2023-ին տված հարցազրույցում նա ասել է. «Ե՛վ ասել եմ՝ պետք է ռազմական հեղաշրջում, և՛ դրանից հետո էլ եմ ասել՝ պետք է ռազմական հեղաշրջում, բայց մենք բանակ չունեցանք, չունեցանք գեներալիտետ, ովքեր կանեին այդ անհրաժեշտ քայլը պետականության և Արցախի փրկության համար»:

Այդ դեպքում իրավապահները ինչո՞ւ են միայն հիմա՝ իշխանություն- եկեղեցի սրվող հակամարտությանը զուգահեռ, վարույթ նախաձեռնել, իրավապահները չեն պարզաբանել:

«Ազատության» հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդն ասաց՝ գործից տեղյակ չէ, իրավապահներն իր հետ չեն կապվել. «Եթե ես եմ սպառնալիքը էս երկրին, թող գան, ինձ ձերբակալեն, բայց հիմնական սպառնալիքը կառավարության շենքում է նստած»:

Իշխանական շրջանակից նորությանն արդեն արձագանքել են:

«Կտրիճ Ներսիսյանն իր ենթակաների միջոցով շարունակում է խայտառակել բոլորիս: Նա պիտի հեռանա», - Ֆեյսբուքում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG